Հաճախ տրվող հարցեր

1. Ովքե՞ր կարող են դիմել Հայաստանի դիվանագիտական դպրոց:

Դիվանագիտական դպրոցում ուսանելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր լավ տիրապետում են դասավանդման լեզուներին` հայերեն, անգլերեն, ռուսերեն և ունեն համալսարանական կրթություն: Համալսարանի դիպլոմը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկ»-ին:

2. Որո՞նք են դասավանդման լեզուները:

Հայերեն, անգլերեն և ռուսերեն:

3. Արդյո՞ք պարտավոր է դիմորդը ներկայացնել անգլերենի իմացության ապացույցներ (TOEFL, IELTS) կամ հատուկ քննություն հանձնել:

Ամեն տարի նշանակվում է քննական հանձնաժողով` ստուգելու համար դիմորդների գիտելիքները արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչպես նաև նրանց օտար լեզվի իմացությունը: Նախատեսված է մեկ գրավոր և մեկ բանավոր փուլ: Գրավոր աշխատանքները գրվում են երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, և ստուգվում են երկու անգամ, քննական հանձնաժողովի տարբեր անդամների կողմից: Երկու գնահատականների միջինը համարվում է առաջադրանքի վերջնական գնահատականը: 

TOEFL-ի  կամ IELTS-ի արդյունքներ չեն պահանջվում:

4. Արդյո՞ք դասընթացն անվճար է, թե կրթության համար պետք է վճարել:

Դասընթացն անվճար է, և տարվա ընթացքում որևէ գումար չի գանձվում:

5. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար:

  • Առցանց դիմում,
  • Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով,
  • Դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր,
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • Տեղեկանք առողջության մասին` քաղվածք բժշկական քարտից,
  • Անձնագրի երկու նկար (3 x 4 սմ),
  • Դիմորդի անձնագրի պատճեն,
  • Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

6. Արդյո՞ք կարող է դեռևս ԲՈՒՀ-ի բակալավրիատը չավարտած ուսանողը դիմել Դիվանագիտական դպրոց:

Միայն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան ունեցողները կարող են դիմել Դպրոց: 

7. Ինչպիսի՞ քննություններ է անհրաժեշտ հանձնել դիմելիս:

  • Գրավոր աշխատանք միջազգային հարաբերությունների և/կամ ՀՀ արտաքին քաղաքականության մասին,
  • Բանավոր քննություն արտաքին քաղաքականության թեմաներով:

8. Որտե՞ղ է գտնվում Դիվանագիտական դպրոցը:

Դպրոցի հասցեն է`
Կառավարական 2-րդ շենք, Վազգեն Սարգսյան 3, քաղաք Երևան:

Հեռախոսահամար` 010 58 39 28.

Էլեկտրոնային հասցե` contact@diplomaticacademy.am

9. Ե՞րբ է դիմելու ժամանակը:

2016 թվականից սկսած ուսումնական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերին: Ընդունելության մրցույթի համար փաստաթղթերի ընդունումը կատարվում է մայիս-հունիս ամիսներին. հստակ օրերը հայտարարվում մայիսին: Քննությունները կազմակերպվում են հուլիսի ընթացքում:

10. Արդյո՞ք կարող է սփյուռքահայը դիմել Դպրոց, եթե չունի ՀՀ քաղաքացիություն:

Դիվանագիտական դպրոցում կարող են ուսանել միայն ՀՀ քաղաքացիները:

11. Որքա՞ն է ուսումնական ծրագրի տևողությունը:

Դասընթացը սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հաջորդ տարվա հուլիսի վերջին:

12. Ի՞նչ առարկաներ են դասավանդվում Դպրոցում:

Հայաստանի դիվանագիտական դպրոցը «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ամենամյա ծրագրի շրջանակներում դասավանդում է հետևյալ առարկաները. Միջազգային հարաբերություններ, Միջազգային իրավունք, Եվրոպական ինտեգրում, Միջազգային քաղաքական տնտեսություն, Հակամարտությունների կառավարում և կարգավորում, ԵՄ արտաքին քաղաքականություն, Միջազգային անվտանգություն, Էներգետիկ քաղաքականություն, Միջազգային կազմակերպություններ, Արտաքին քաղաքականության վերլուծություն, Հայաստանը և միջազգային կազմակերպությունները, Հայաստանը և եվրոպական ինտեգրումը, Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Դիվանագիտություն, Միջազգային բանակցություններ և խաղարկային առաջադրանքներ, Քաղաքական վերլուծություններ և դիվանագիտական թղթակցություն, Դիվանագիտական էթիկա և արարողակարգ, Հյուպատոսական դիվանագիտություն, Հանրային դիվանագիտություն:

13. Արդյո՞ք Դպրոցը շնորհում է գիտական աստիճան:

Դպրոցը դիպլոմ և գիտական աստիճան չի շնորհում. դասընթացը հաջող ավարտած ուսանողները ստանում են ավարտական վկայական:

14. Ե՞րբ և որտե՞ղ են ընթանում դասերը:

Դասերն ընթանում են օրվա երկրորդ կեսին, երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ, Դպրոցի տարածքում, որը գտնվում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարության շենք 2 հասցում:

15. Որո՞նք են Դպրոցում սովորելու առավելությունները:

Արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական անձնակազմը համալրելու է գլխավորապես Դիվանագիտական դպրոցից: Բացառությամբ առանձին   բնագավառներում աշխատանքային որոշակի փորձ պահանջող որոշ պաշտոնների ` Դիվանագիտական դպրոցը Հայաստանի դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է:

16. Արդյո՞ք ուսանողը կարող է միաժամանակ սովորել և աշխատել:

Դպրոցը սահմանափակումներ չի դնում. ուսանողներից պահանջվում է հաճախել դասերին և հանձնել քննությունները: Ավելին ` դասերը կազմակերպված են այնպես, որ հնարավորություն են տալիս այլ տեղերում սովորող կամ աշխատող ուսանողներին համատեղել իրենց գործունեությունը Դպրոցում սովորելու հետ:

17. Արդյո՞ք ուսանողներն ունեն նախարարությունում փորձաշրջան անցնելու հնարավորություն:

Դասացուցակը նախատեսում է ԱԳՆ-ի երկու տարբեր վարչություններում փորձաշրջանի անցկացում: Փորձաշրջանը պարտադիր է դասընթացի ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար և տևում է մեկ ամիս: