Ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ հայտարարել է ամեն տարի նոյեմբերին: 2010-2015թթ. դիմորդների գործերն ընդունվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ ընդունելության քննությունն անց է կացվել հունվար-փետրվար ամիսներին: 2010-2015թթ. դասընթացները սկսվել են փետրվարի վերջին և ավարտվել են դեկտեմբերի վերջին:

Ընդունելության նոր կարգի համաձայն, այսուհետ ուսումնական ծրագիրը կսկսվի սեպտեմբերին և կավարտվի հուլիսի վերջին: 2016-17թթ. ուսումնական ծրագրի ընդունելության մրցույթի համար դիմորդների գործերը կընդունվեն 2016թ.մայիսի 16-ից մինչև հունիսի 27-ը, իսկ ընդունելության քննությունները կացկացվեն 2016թ. հուլիսին: 

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 35 (2015թ. դասընթացից սկսած) տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N1191-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում: 

(Ուշադրություն. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը փոփոխվել է ՀՀ կառավարության` 2016թ. ապրիլի 28-ի N411-Ն որոշմամբ և այժմ ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընդունված բոլոր մասնագիտությունները:)

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: 

Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում
  2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (200-350 բառ, մինչև 1 էջ),
  3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (200-350 բառ, մինչև 1 էջ),
  4. 2 լուսանկար (3x4սմ),
  5. Անձնագրի պատճենը,
  6. Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք` քաղվածք ամբուլատոր քարտից*,
  7. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
  8. Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (արական սեռի դիմորդների համար)
  9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

Դիմորդները մրցույթի մասնակցության դիմումը լրացնում են առցանց և դիմումի տպագրված և ստորագրված տարբերակը պահանջվող մյուս փաստաթղթերի հետ անձամբ ներկայացնում Դիվանագիտական դպրոց:

Բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները հրավիրվում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 27 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները հանձնում են ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս են կազմում հանրագումարային գնահատականի:

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվում է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվում են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:

Փաստաթղթերի ընդունումը կատարվում է ՀՀ դիվանագիտական դպրոցում` Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 14.00-ից մինչև 17.00:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 կամ 060620253 հեռախոսահամարով և contact@diplomaticacademy.am կամ j.beglaryan@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեներով: 

 

* Դիմորդները չպետք է ունենան «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդություն: