Միջազգային համագործակցություն

Հիմնադրումից ի վեր համագործակցությունը գործընկեր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի հետ եղել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության անկյունաքարերից մեկը:

 

Դիվանագիտական դպրոցի ձևավորման սկզբնական շրջանում Երևանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը խորհրդատվական և ֆինանսական ներդրում են ունեցել դասացուցակի ձևավորման և Դպրոցի տարածքի կահավորման գործում: Սկզբում հատուկ նշանակված խորհրդատուների, իսկ այնուհետև հատուկ ծրագրերի միջոցով Եվրոպական Միության պատվիրակությունը շարունակում է իր աջակցությունը Դպրոցին` ուսումնական ծրագրի իրականացումը ապահովելով բարձր որակավորում ունեցող դասախոսներով:

 

Ակտիվորեն համագործակցելով տասնյակ երկրներում գործող, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած այլ դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների և համալսարանների հետ` Դիվանագիտական դպրոցը ձևավորել է գործընկերների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն է ընձեռում  դասընթացն իրականացնել դիվանագիտական կրթության ներկա պահանջները, առաջնայնությունները և չափանիշներն արտացոլող ժամանակակից ուսումնական ծրագրով, և այդ ծրագիրն իրականացնել տասնյակ առաջատար կրթական հաստատություններից ժամանող առաջնակարգ դասախոսների օգնությամբ:

 

«Դիվանագիտական վերապատրաստման միջազգային ֆորումի շրջանակում, ինչպես նաև անմիջականորեն գործընկեր հաստատությունների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների, գիտնականների և դիվանագետների հետ փորձի և տեսակետների փոխանակումը, ինչպես նաև ISA (Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա)  և CEEISA (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա) համաժողովներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում կանոնավոր կերպով թարմացնելու դասավանդման մեխանիզմները և համագործակցելու ոլորտի առաջատար արհեստավարժ մասնագետների հետ:

 

Դիվանագիտական դպրոցի դասախոսները ժամանում են բազմաթիվ երկրներից. ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Չեխիայի Հանրապետություն, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Իտալիա, Հնդկաստան, Մալթա, Արգենտինա, Ուկրաինա, Ավստրիա, Սլովակիա, Իսպանիա, Գերմանիա, Ռումինիա:

Դիվանագիտական դպրոցը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ուկրաինայի, Արգենտինյան Հանրապետության, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության գործընկեր հաստատությունների հետ:

 

Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացմանը

 
 

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին և կօժանդակի Դիվանագիտական դպրոցի մի շարք ծրագրերի իրականացմանը մինչև 2017թ. ապրիլ. տես՛ ծրագրի մամլո հաղորդագրությունը: