Լրահոս / Հայտարարություններ

Ուսումնական այց միջազգային կառույցներ

22.05.2023

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Եվրոպայի խորհրդում_Ստրասբուրգ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Եվրոպայի խորհրդում, Ստրասբուրգ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 8-18-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի 2022-23թթ. ունկնդիրների ուսումնական այցը Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ:

Ստրասբուրգում այցը սկսվեց Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի հետ հանդիպումով, ով ներկայացրեց մշտական ներկայացուցչության առօրյա գործունեությունը և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Մայիսի 9-10-ը Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն այցելեցին Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ծանոթացան կառույցների գործունեությանը: Եվրոպական խորհրդարանում ունկնդիրները հնարավորություն ունեցան ներկա գտնվել լիագումար նիստի շրջանակներում ընթացող քննարկումների:

Մայիսի 11-12-ը ունկնդիրները երկօրյա այց կատարեցին Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակ և Կարմիր խաչի միջազգային կոմիտե: Այցի շրջանակներում դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպումներ ունեցան Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրն ունկնդիրները հանդիպեցին Ժնևում ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, ով հանդես եկավ Ժնևում այցի ծրագիրը ներկայացնող ներածական խոսքով:

Այցի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան շրջայց կատարել Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայան, այցելեցին ՄԱԿ-ի գրադարան և Ազգերի Լիգայի արխիվ, ինչպես նաև՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թանգարան:

Դպրոցի ունկնդիրներին հյուրընկալեցին նաև Ժնևում ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետները և աշխատակիցները, և նրանց ծանոթացրեցին ՀՀ ներկայացուցչության և դեսպանության աշխատանքներին։

Ժնևում այցը կազմակերպվել էր Դիվանագիտական դպրոցի, Ժնևում ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի ջանքերով։

Մայիսի 15-17-ը Բրյուսելում այցելություններ տեղի ունեցան ԵՄ հիմնական կառույցներ՝ Հանձնաժողով, Արտաքին գործերի ծառայություն, Եվրոպական խորհրդարան և Խորհուրդ: Նշված կառույցներում ԴԴ ունկնդիրների համար կազմակերպվեցին Դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հենքի վրա կառուցված դասախոսություններ, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում այցի մասնակիցներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության ներկա մարտահրավերների մասին: Ունկնդիրները հանդիպեցին նաև ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Իսրայելյանի հետ, ով ներկայացրեց ՀՀ առաքելության աշխատանքները, համագործակցության նոր ծրագրերը և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Ապագա դիվանագետներին Բրյուսելում ընդունեց նաև ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Բելգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը՝ ներկայացնելով ՀՀ մշտական ներկայացուցչության և դեսպանության աշխատանքները և պատասխանելով ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրները այցելեցին թանգարաններ և Վան Գոգի կտավների թվային ցուցադրություն:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ