Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

22.09.2015

Կից լուսանկարներ

ԴԴ ունկնդիրները Եվրոպական Միության խորհրդի առջև

ԴԴ ունկնդիրները Եվրոպական Միության հանձնաժողովում

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 13-18-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:

Սեպտեմբերի 14-ից 16-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել էին դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հաշվառումով կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ու անվտանգության նոր մարտահրավերների մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Բրյուգե քաղաքում գտնվող, ԴԴ երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջ և տեղում ծանոթացան Քոլեջի գործունեությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Քոլեջում սովորող Հայասատանից և այլ երկրներից հայ ուսանողներ:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել էին դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության վերաբերյալ: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողով և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաև Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Թաթուլ Մարգարյանը և Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:  

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ