Լրահոս / Հայտարարություններ

Էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված գիտաժողով

11.05.2015

Կից լուսանկարներ

Էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցների խմբակային լուսանկար

Էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված գիտաժողովի բացումը

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իր կազմավորման հինգերորդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանս, որի բացումը տեղի ունեցավ մայիսի 11-ին Երևանում, Բեստ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում:

Գիտաժողովին մասնակցում են դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ` 70-ից ավելի մասնակիցներ շուրջ 25 երկրներից:

Գիտաժողովի բացման ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս միջոցառմամբ Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ գիտնականների ու գործնական դիվանագիտական աշխատանք կատարող մասնագետների շրջանում ծավալված միջազգային քննարկումներին: Դեսպան Գաբրիելյանը գոհունակությամբ նշեց նաև, որ Դիվանագիտական դպրոցի ստեղծումից 5 տարի անց նրա շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերել լավ հեղինակություն:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան:

Գիտաժողովի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը, ընդգծելով կոնֆերանի նշանակությունը և անդրադառնալով էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում ՀՀ ԱԳՆ ձեռքբերումներին, նշեց, որ դիվանագիտական ծառայության մարմինները կարող են հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում միայն տեխնոլոգիական առաջընթացից առավելագույնը քաղելու դեպքում: Նա գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցը հաջողությամբ է իրականացնում ապագա դիվանագետներին կրթելու և գործող դիվանագետների մասնագիտական գիտելիքները և հմտությունները շարունակաբար վերապատրաստելու գործը, և որ այն դիվանագիտական կադրերի մասնագիտական պատրաստման առաջնագծում է:

Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով. 1.Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր, 2. Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա, 3. Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում, 4. Դիվանագիտական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառությունները:

Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ:
 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ