Լրահոս / Հայտարարություններ

Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար

04.11.2022

Կից լուսանկարներ

Քուրդիստանի ինքնավարության դիվանագետները և ԴԴ անձնակազմը դասընթացի ավարտին

Քուրդիստանի ինքնավարության դիվանագետների վերապատրաստման դասընթացի ավարտական վկայականների հանձնում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար կազմակերպված վերապատրաստում: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփ գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն):

Երիտասարդ դիվանագետների համար դասախոսություններ էին կազմակերպվել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ընթացող գլոբալ և տարածաշրջանային իրողությունների, արտաքին քաղաքականության իրականացման տարբեր կողմերի մասին, միջազգային կազմակերպությունների և կառույցների գործունեության, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ:

Վերապատրաստման ծրագիրը կրեց նաև ճանաչողական բնույթ. մասնակիցներն այցելեցին մշակութային տարբեր կենտրոններ՝ մայրաքաղաք Երևանում և դրանից դուրս, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան ու այլ վայրեր:

Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: Դեսպան Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ի լրումն ձեռք բերված գիտելիքների, ծրագրի մասնակիցները հասցրեցին որոշ չափով ճանաչել Հայաստանը և որ այստեղ ձեռք բերված գիտելիքիները օգտակար կլինեն ինչպես դիվանագետների հետագա գործունեության, այնպես էլ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների հետագա խորացման համար:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռնած հնարավորության համար՝ ընդգծելով, որ վերապատրաստման ծրագիրը կարևոր էր ոչ միայն մասնագիտական գիտելիքները հարստացնելու առումով, այլ նաև եզակի հնարավորություն էր ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու երկրի պատմությանն ու Հայաստանի մշակութային ժառանգությանը:

Loading ...