Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման ծրագրի մասնակիցների ուսումնական այցն Արցախ

24.11.2019

Կից լուսանկարներ

Վերապատրաստման ծրագրի մասնակիցների հանդիպումը ԱՀ նախագահ Բ. Սահակյանի հետ

Վերապատրաստման ծրագրի մասնակիցների հանդիպումը ԱՀ նախագահ Բ. Սահակյանի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 20-ից 24-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման ծրագրի մասնակիցների ուսումնական այցն Արցախ:

Այցի առաջին օրը՝ նոյեմբերի 20-ին, Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ դիվանագետներն այցելեցին ՊԲ զորամասերից մեկը, ծանոթացան զինվորական առօրյային: Դիվանագետներն այցելեցին նաև սահմանամերձ Թալիշ գյուղ, զրուցեցին գյուղապետի հետ, տեղեկացան Թալիշում իրականացվող աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:

Հաջորդ օրը այցի մասնակիցները հանդիպեցին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի, պետնախարարի և նախագահի հետ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը դիվանագետները ծանոթացան Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային համագործակցության ծրագրերին, ինչպես նաև երկրի ձեռքբերումներին օրենսդրական, քաղաքական և դիվանագիտական համատեքստում: ԱԺ նախագահը շնորհավորեց Դիվանագիտական դպրոցին տասնամյակի կապակցությամբ և մաղթեց նմանատիպ այցերի շարունակականություն:

Նույն օրը պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դիվանագետներին ծանոթացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունների հետ՝ ընդգծելով Արցախի տնտեսության առաջնահերթությունները: Պետնախարարը խոսեց նաև տնտեսական աճի և ներդրումային ծրագրերի մասին:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ դիվանագետներին ներկայացվեցին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:

Դիվանագետների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ընդունեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների՝ Արցախ այցելելու դպրոցի տնօրենի նախաձեռնությունը դարձել է ավանդույթ: Նա կարևորեց դիվանագետների կողմից տեղում իրավիճակին ծանոթանալու հնարավորությունը: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրներին, դիվանագետների հետ ունեցավ անմիջական զրույց և պատասխանեց վերջիններիս հարցերին:

Նոյեմբերի 22-ին դիվանագետներն այցելեցին Արաքսի հովիտ և ծանոթացան այնտեղ իրականացվող խոշոր գյուղատնտեսական և զարգացման ծրագրերին:

Հաջորդ օրը այցի մասնակիցները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան: Դիվանագետներն այցելեցին նաև Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն այցելեցին նաև Շուշիում կերպարվեստի, Շուշիի պատմության, երկրաբանության թանգարաններ, ինչպես նաև Դադիվանքի, Գանձասարի և Ամարասի վանական համալիրներ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Տիգրանակերտի թանգարան և ծանոթացան մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի շարունակական պեղումների արդյունքներին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ