Լրահոս / Հայտարարություններ

Լեզուների ուսուցման դասասենյակի բացում Դիվանագիտական դպրոցում

05.04.2017

Կից լուսանկարներ

Լեզուների ուսուցման դասասենյակի բացում Դիվանագիտական դպրոցում

Լեզուների ուսուցման դասասենյակի բացում Դիվանագիտական դպրոցում

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 5-ին ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ օտար լեզուների ուսուցման համար հատուկ կահավորված դասասենյակի բացման արարողություն, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախարարության ղեկավար կազմը, հյուրեր և Դպրոցի ունկնդիրները:

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նշեց, որ դասասենյակը հագեցած է գերժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրային լուծումներով, որոնք հնարավորություն են ընձեռում նորագույն մեթոդների կիրառմամբ իրականացնել տարբեր օտար լեզուների արդյունավետ ուսուցում։ Լսարանը նախատեսված է օգտագործել ինչպես Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, այնպես էլ վերապատրաստման ծրագրերին մասնակցող պաշտոնյաների համար։

Դիվանագիտական դպրոցի տնօրենը երախտագիտություն հայտնեց Ռուդոլֆ Ղուշչյանի ընտանիքին՝ Դիվանագիտական դպրոցին աջակցելու համար՝ շեշտելով, որ լսարանը ավելացնում է դպրոցի կարողությունները և զգալիորեն կնպաստի կրթական գործընթացին։

Լսարանի` անհրաժեշտ սարքավորումներով կահավորումը և ծրագրային ապահովման ձեռք բերման միջոցները հատկացվել են Մարգարիտա Բորովլյովա-Ղուշչյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր Ռուդոլֆ Ղուշչյանի, ով երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական և առևտրական ներկայացուցչություններում։

Ներկաներին ողջունեցին նաև Ռուդոլֆ Ղուշչյանի այրին և դուստրը, ովքեր գոհունակություն հայտնեցին լսարանի տեխնիկական լուծումներով և նշեցին, որ Ղուշչյանի անվամբ լինգաֆոնային լսարանի բացումը նրա հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն էր:


Տեղեկանք. Ռուդոլֆ Սերգեյի Ղուշչյանը (1932թ. Թբիլիսի - 1997թ. Մոսկվա) 1963թ. ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո գործուղվել է Հնդկաստան, որտեղ աշխատել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում մինչև 1966թ.:

1967թ. ընդունվել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի ակադեմիա, որն ավարտելուց հետո որպես դիվանագետ գործուղվել է Լիբիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչություն:

1973-1977թթ. եղել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչը Սոմալիում, իսկ 1981-1987թթ.՝ Գանայում:

Այնուհետև նա աշխատել է որպես ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության Հումքային, պարենային և սպառողական արտահանման ու ներմուծման գլխավոր հանձնաժողովի ղեկավարի տեղակալ:

1991թ. գործուղվել է Հայաստան՝ Հայաստանի Հանրապետությանը արտաքին առևտրի բնագավառում գործառույթների փոխանցում իրականացնելու համար: Կարևոր ներդրում է ունեցել Ալժիրին տրամադրված հատուկ տնտեսական վարկերից ձևավորված պարտքի խնդրի լուծման գործում: 1993թ. ի վեր աշխատանքի է անցել Վառելիքի և էներգետիկայի նախարարությունում, մասնակցել է «Սիդանկո» նավթային ընկերության ստեղծմանը, որտեղ աշխատել է 1994-1997թթ.:

Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին:

    

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ