Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

13.10.2014

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

    Հոկտեմբերի 9- ից 12- ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ:

     Հոկտեմբերի 9- ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

     Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և ԼՂՀ արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:

     Նույն օրը երեկոյան Դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունն արդեն դարձել է ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

     Հոկտեմբերի 10-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, դիրքերում զրուցեցին հերթապահ զինվորների հետ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին և ծառայողների առօրյային: Ունկնդիրները Պաշտպանության բանակի ուսումնական հրաձգադաշտերից մեկում ներկա գտնվեցին ծրագրային զորավարժության, այցելեցին ՊԲ զորամասերից մեկը:
 
   Նույն օրը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Արցախի Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ:

  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, ներկայացրեց երկրի ձեռքբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, և այլ խնդիրների համատեքստում։

   Ընդունելով Դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին, վարչապետը անդրադարձավ Արցախում ներդրումների խթանմանը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերին:

     ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի և երկրաբանության թանգարաններ և Շուշիի արվեստների կենտրոն: Ստեփանակերտում վերաբացված «Ղարաբաղ կարպետ» ընկերությունում ունկնդիրները ծանոթացան տեղական հումքից արցախյան հայտնի ձեռագործ գորգերի պատրաստման ողջ ընթացքին:

   Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին նաև Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ, Ղազանչեցոց եկեղեցի, եղան Տիգրանակերտում և Տիգրանակերտի թանգարանում:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ